Կրեմլը հորդորել է ԱՄՆ-ին՝ հաշվի առնել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հետեւանքները

Կրեմլը հորդորում է ԱՄՆ-ին՝ հաշվի առնել Սիրիայում փախստականների անվտանգության գոտիների կազմակերպման հնարավոր հետեւանքները, որպեսզի իրադրությունը չվատանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Կարեւոր է, որ դա էլ ավելի չբարդացնի փախստականների հետ կապված իրադրությունը»,- ասել է նա: «Լավ կլիներ հաշվի առնել բոլոր հնարավոր հետեւանքները»,- ընդգծել է մամուլի քարտուղարը:

Հարցին՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ խորհրդակցել է արդյոք նման որոշման մասին հայտարարելուց առաջ, Պեսկովը բացասական պատասխան է տվել: «Ռուսական կողմի հետ ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել»,- նշել է նա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում: «Ես միանգամայն ստույգ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,- ասել է նա:

Թրամփը նաեւ հայտարարել է, որ, իր կարծիքով, «Եվրոպան վիթխարի սխալ գործեց՝ թույլ տալով միլիոնավոր փախստականների» հայտնվել Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում: «Այն, ինչ տեղի Է ունենում այնտեղ, աղետ Է, եւ ես չեմ ցանականում, որ դա տեղի ունենա նաեւ ԱՄՆ-ում»,- ասել է նախագահը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հայտնել է, որ Թրամփը մոտ ժամանակներս կարող է հրամանագիր ստորագրել Սիրիայում քաղաքացիական բնակչության համար այսպես կոչված հումանիտար գոտիների ստեղծումն սկսելու մասին:

«Պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ վոխգործակցությամբ սույն հրամանագրի ստորագրման պահից 90 օրվա ընթացքում պետք է ներկայացնի Սիրիայում եւ նրան հարող շրջաններում անվտանգության գոտիների ստեղծման պլան, որտեղ Սիրիայի այն բնակիչները, որոնք հեռացել են իրենց հայրենիքից, կկարողանան սպասել հայրենադարձմանը կամ երրորդ երկրներ հնարավոր վերաբնակվելուն»,- ասված է փաստաթղթի տեքստում, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում