Ընտրախախտումներ կատարողները անպատիժ չեն մնալու. ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություն ընտրություններից առաջ

ՀՀ գլխավոր դատախազությունը, սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դրսևորում է անսովոր ակտիվություն` հանդես գալով տարաբնույթ հայտարարություններով։

Առանձնահատուկ քաղաքականություն որդեգրած, տարբեր առիթներով դատախազությունը հայտարարություններ է տարածում առ այն, որ միջոցառումներ են ձեռնարկվում ընտրական գործընթացի ընթացքում հնարավոր խախտումների հայտնաբերման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և առավելագույն խստությամբ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ։

Հունվարի 23-ին «Հետք»-ին տված հարցազրույցի ընթացքում էական և խիստ դիրքորոշմամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տիգրան Ամբարյանը։

«Ընտրությունների ընթացքում որևէ չարաշահման, կեղծիքի, ընտրությունների գործընթացին խոչընդոտելուն, ապա օգտվելով այս հնարավորությունից, պաշտոնապես հայտարարում եմ՝ որևէ ընտրախախտում անհետևանք մնալ չի կարող, անկախ նրանից ում կողմից է կատարվել, ինչ նկատառումներով են դրանք իրականացվել, ինչքանով են ազնիվ եղել գոնա այդ արարքը կատարողի համար այդ մղումները որով պայմանավորված կատարել է այդ արարքը, միևնույնն է անպատիժ չի մնալու»։

Հունվարի 20-ին խորհրդարանական ընտրություններին վերաբերվող հաղորդագրություն էր տեղադրվել նաև ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում, որում մասնավորապես ասվում էր, որ սույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Հայտարարությունում նշված էր նաև, որ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը:

Ստացվում է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակների համար տարբերվելու է նաև նրանով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել դատախազական և իրավական ռեսուրսներով վերահսկողություն իրականացնել հնարավոր ընտրակեղծիքները կանխելու և թեկնածուների միջև հավասար պայմանների ստեղծման համար։ Այս իրավիճակը բավական ծանր կացություն կարող է ստեղծել Հայաստանի քրեաօլիգարխիկ շրջանակների և նրանց թեկնածուների համար, մինչ օրս անօրիական գործելաոճով արդյունքների հասած թեկնածուներից շատերը ներկայումս հայտնվում են մեծ փորձությունների շրջանում ուր նժարին է դրված նրանց հեղինակությունը, կարողությունները ու ազդեցության գնահատականը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում