Մերկելի եւ Շուլցի վարկանիշները հավասարվել են Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարում

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարչության կողմից կանցլերի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Մարտին Շուլցի վարկանիշները հավասարվել են: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցույց են տվել DeutschlandTrends Extra-ի սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացվել է ARD հասարակական-իրավական հեռուստաալիքի պատվերով:

Այդ տվյալների համաձայն, գերմանացիների 41 տոկոսը Մերկելին կպաշտպաներ կանցլերի ուղղակի ընտրությունների դեպքում, համանման աջակցություն (41 տոկոս) ունի նաեւ Շուլցը: Քաղաքացիների 64 տոկոսը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին կանցլերի լավ թեկնածու է համարում սոցիալ-դեմոկրատներից: Գերմանացիների գրեթե 80 տոկոսը դրական քայլ է որակում ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու առաջադրվելուց հրաժարվելու ԳՍԴԿ-ի առաջնորդ Զիգմար Գաբրիելի որոշումը:

Հետազոտության ընթացքում, որը հունվարի 25-ին անցկացվել է Infratest dimap ընկերության կողմից, հարցմանը մասնակցել է Գերմանիայի 18-ից բարձր տարիքի 1011 քաղաքացի:

Ավելի վաղ ԳՍԴԿ-ի նախագահությունը Շուլցին հաստատել է կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու: Գերմանիայի փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնն այն բանից հետո, երբ այն կազատի գերմանական դիվանագիտության ներկայիս ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Էկոնոմիկայի նախարար կդառնա պետքարտուղար Բրիգիտե Ցյուպրեսը: Բոլոր որոշումները նախագահության կողմից ընդունվել են միաձայն:

Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կազավորվելու է կառավարությունը եւ հայտարարվելու է կանցլերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում