Բաքուն փորձում է խաթարել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների նախաձեռնությունները. Կազիմիրով

Բաքվի ղեկավարության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների նկատմամբ չի առանձնանում իր կառուցողականությամբ: Այս մասին նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Независимая газета»-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հոդվածում:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խլել է 20 տարի ու դեռ ավելի ու ավելի է պահանջում: Եթե հայկական երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատանք տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների ուղղությամբ, ապա պաշտոնական Բաքուն չի էլ ձգտում դրան, ընդհակառակը՝ փորձում է որեւէ կերպ խաթարել միջնորդների նախաձեռնությունները կամ ձգձգել դրանց վերանայումը: Դեռ ավելին, նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է նախկինի պես ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերլուծության մեջ գրել է Կազիմիրովը:

Նրա խոսքով՝ չնայած Բաքվի նախկին ղեկավարության սխալ հաշվարկներին ու 1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմի բավականին ուսուցողական բնույթին, տպավորություն է ստեղծվում, որ այժմյան ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրական գնահատական տալ կարեւորագույն գործոններին՝ օրինակ՝ նրան, թե ինչ կարժենա նոր ռազմական հակամարտությունը սեփական ժողովրդի եւ տարածաշրջանի համար, եւ ինչպիսի հետեւանքներ այն կունենա:

«Բաքվի թերացումների շրջանակում արժե նաեւ ընդգրկել ոչ հազվադեպ նկատվող անբավարար լրջությունը ղարաբաղյան կարգավորմանն ուղղված փաստաթղթերում, որոնք ստորագրվել են հենց իր մասնակցությամբ: Իլհամ Ալիեւի դիրքորոշումը՝ առաջ տանել ղարաբաղյան կարգավորումը հայկական զորքերի դուրսբերման միջոցով, միամիտ եւ անիրական է: Միանշանակ պարզ է, որ զորքերի դուրսբերումը կարող է տեղի ունենալ միայն կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման վստահելի ամրապնդմամբ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի հաստատմամբ: Ավելի իրական են ԱՊՀ երկ րների ղեկավարների խորհրդի կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված հայտարարության շեշտադրումները: Այնտեղ հստակեցված է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը: Իլհամ Ալիեւի դիրքորոշումը բացարձակապես չի համապատասխանում ԱՊՀ պետությունների ղեկավարների դիրքորոշմանը»,-ընդգծել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում