Քաղաքական քաոս

Առաջիկայում սպասվելիք ընտրություններն աննախադեպ են երկու պատճառով: Նախ, այս ընտրություններով անցում է կատարվում կառավարման միանգամայն այլ համակարգի, փոխվել է ընտրական գործընթացը ու այս ընտրությունները տեղի են ունենալու նոր սահմանադրության դրույթների ու նոր ընտրական օրենսգիքի պահանջների համաձայն:

Հաջորդ աննախադեպությունը կայանում է նրանում, որ երբեք նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման գաղափարազուրկ ընտրություններ տեղի չէին ունեցել: Ժամանակին գաղափարը թեկուզ սոսկ շղարշ, բայց այնուամենայնիվ մատուցվում էր: Սակայն ներկայումս փոխվել է ընտրությունների տրամաբանությունը: Բոլորն են գիտացում, որ այս ընտրությունները բաց թողնելուց հետո, կանգնելու են փոխված իրավիճակի առջև, որը ԱԺ չանցած ուժերին մղելու է դեպի մարգինալացում և քաղաքական դաշտից իսպառ վերացում:

Իհարկե հնարավոր է ձևի համար ունենալ գրասենյակ, տարին 2-3 անգամ հարցազրույց տալ, բայց դրանով էլ կավարտվի ողջ գործունեությունը: Բացի դրանից արդեն իսկ հստակ նկատվում են միտումները դեպի երկբևեռ կուսակցական համակարգի ձևավորումը և ով դուրս մնաց բևեռներից որևէ մեկից, ապա դուրս է մնալու առհասարակ քաղաքական համակարգից:

Այս մտածողությունը հանգեցրել է նրան, որ ԱԺ անցնելը վերածվել է ինքնանպատակի, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ներկայիս քաոսում, դժվար է կողմնորոշվել ով է իշխանություն, ով ընդդիմություն, ով է արևմտամետ, ով ռուսամետ, ով է լիբերալ, ով սոցիալիստ:

Սովորաբար եթե ժամանակին այս բոլոր հոսանքներն իրենցից ներկայացնում էին առանձին միավորներ, ովքեր քաղաքական պայքարի մեջ էին մտնում ոչ միայն հանուն իշխանության, այլև որոշ առումով պայքարելով միմյանց դեմ, փորձելով ապացուցել սեփական հայացքների կենսունակությունը, ապա այժմ բոլորը մեկտեղվելով պարզապես գաղափարազրկում են առանց այն էլ խախուտ քաղաքաքական համակարգը:

Այն, որ մենք կգանք ու մի քանի ամսում Հայաստանը կդարձնենք չքնաղագույն երկիր, իհարկե գաղափարախոսություն անվանելը դժվար է: Դա սոսկ նախընտրական հռետորաբանություն է, ոչինչ ավելին

Սակայն սյս ամենը բնավ կարևոր էլ չէ: Կարևորը 5-7 տոկոսանոց շեմի հաղթահարումն է, որին ձգտելու են ցանկացած գնով: Բնականաբար որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիր շեշտադրումներն ավելանալու են, քանի որ ընտրություններում գործում է մեկ պարզ տրամաբանություն: Ով ընտության չի գնում իշխանությունների հետ, նա ընդդիմադիր է:

Այս առումով զավեշտալի է տեսնել նաև դեռևս ոչ վաղ անցյալում բարձրաստիճան պաշտոնյանելի, այսօր արդեն ընդդիմադրի դիմակով: Բայց այլ տրամաբանություն ընտրությունները չեն պահանջում:

Շատ դեպքերում այդ հռետորաբանությունը ձեռնտու է իշխանություններին ու չի բացառվում, որ հենց իրենք էլ պատվիրած լինեն այն: Տակավին վերջերս բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց ընդդիմադիր կեցվածք ընդունելու ու ամպագոռգոռ և ազգափրկիչ ելույթներ ունենալու այս նախընտրական շոուն, նույնպես լիովին ջուր է լցնում իշխանական ջրաղացին: Ոչ թե ձայներ փախցնելու առումով, քանի որ քաղաքացին հավասարապես հիասթափված է և իշխանություններից, և ընդդիմությունից, այլև պայմանականորեն մի քանի օր առաջ բարձրաստիճան անձի կողմից ընդդիմադիր ելույթներն ու ազգը փրկելու հանկարծահաս պաթոսն այնքան կեղծ է, որ քաղաքացին ակամա մտածում է, ավելի լավ է ընտրել նրան ով այսօր կա, քան նրան, ով երեկ այնտեղ էր, այսօր այստեղ, իսկ վաղը Աստված գիտե որտեղ կհայտնվի:

Առավել ևս, երբ իշխանանական համակարգը լքում են հատկապես նրանք, որոնցից ամենաշատն է եղել դժգոհությունն այս ողջ տարիների ընթացքում:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում