«Իրատես». Իշխան Զաքարյանի կինը կասեցրեց անդամակցությունը ՀՀԿ-ին, սակայն չի հրաժարվում այն պաշտոնից

«Նախընտրական այս փուլում անգամ «ներընտանեկան» հստակեցումներ են լինում։ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տիկինը Գայանե Սողոմոնյանը, կասեցրեց անդամակցությունը ՀՀԿ-ին, սակայն չի հրաժարվում այն պաշտոնից, որին հասնելու հարցում պակաս դեր չէր խաղացել ՀՀԿ-ական լինելը։

Գայանե Սողոմոնյանն զբաղեցնում է ընտրությունների շրջանում թերևս ամենակարևոր պաշտոններից մեկը, նա Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է, այսինքն, մայրաքաղաքի դպրոցները, մեղմ ասած, նրա «թևի տակ» են։ Գաղտնիք չէ, թե ընտրությունների ժամանակ ուսուցչական կոլեկտիվներն ու տնօրենները ինչպես են «լծվում» իշխանության վերընտրման գործին։ Հիմա հարց է առաջանում՝ Գայանե Սողոմոնյանը, կասեցնելով անդամակցությունը ՀՀԿ-ին, բայց պահելով պաշտոնը, հրահանգելու է աշխատել ՀՀԿ-ի օգտին, թե՞, ամուսնու «թելը թելելով», ԲՀԿ-ին կծառայի։

Իսկ գուցե «հոգեպես» ավելի ազնիվ կլիներ կուսակցությունից հրաժարվելուց առաջ հրաժարվել նաև պաշտոնի՞ց, այլապես ստացվում է՝ պաշտոն չկորցնելը ոմանց համար ամեն ինչից առավել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում