Թերեզա Մեյը կոչ է արել Մոսկվայի հետ գործակցել ուժի դիրքերից

Արեւմուտքը Ռուսաստանի հետ պետք է գործակցի ուժի դիրքերից՝ ընդսմին ջանալով խուսափել բախումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Ֆիլադելֆիայում ելույթ ունենալով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամների առջեւ: 

«Մենք պետք է Ռուսաստանի հետ փոխգործակցենք ուժի դիրքերից, եւ հարաբերությունները, համակարգն ու գործընթացը կառուցենք այնպես, որ համագործակցությունն ավելի հավանական դարձնենք, քան բախումները»,- ասել է նա:

Մեյի խոսքով՝ նման մոտեցումը հատկապես հրատապ է դարձել «Ղրիմի անօրինական բռնակցումից» հետո: Ընդ որում, նրա կարծիքով, անհրաժեշտ է Ռուսաստանի հարեւան երկրներին երաշխիքներ տալ, որ նրանց անվտանգությունը հարցականի տակ չէ:

Սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ Մեյն ասել է, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը կարող են համագործակցել Ռուսաստանի հետ՝ կիրառելով «վստահիր, բայց ստուգիր» սկզբունքը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերաբերյալ «իմ խորհուրդն է՝ համագործակցել, բայց զգոն լինել», հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում