Թրամփը հավաստել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ համատեղ ջանքերով «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հունվարի 27-ին հայտարարել է Fox News հեռուստաընկերության եթերում, համապատասխան տեսագրությունը հրապարակված է Twitter-ում հեռուստաալիքի միկրոբլոգում:

«Մենք պետք է համերաշխ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ, ինչպես եւ մյուսների հետ: Հնարավոր է, որ դա մեզ չհաջողվի, բայց մենք կփորձենք… Եթե մենք բարելավենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա հիանալի կլինի: Դա լավ կլինի Ռուսաստանի համար, լավ կլինի մեզ համար»,- հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը: Ընդսմին նա ԻՊ-ն որակել է «իսկական հիվանդություն»:

Ավելի վաղ CNN ամերիկյան հեռուստաընկերությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին: Իր հերթին Թրամփը հունվարի 26-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ շուտով կկարողանա խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

«Նա ինձ զանգահարեց, երբ ես հաղթանակ տարա: Մենք դեռեւս չենք զրուցել: Բայց, ինչպես ես հասկանում եմ, շուտով կզրուցենք»,- նշել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում