ԶԼՄ-ները նշել են այն գումարը, որը Գերմանիան ծախսում Է միգրացիոն ճգնաժամի լուծման համար

Գերմանիայի կառավարությունը 2016 թվականին մոտավորապես 21,7 մլրդ եվրո է ծախսել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար, այս տարի բյուջեից կհատկացվի եւս 21,3 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Zeit թերթը՝ հղում անելով ֆինանսների նախարարության հաշվետվությանը: 

Հրատարակության տվյալներով՝ 2016 թվականին միայն միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարելու համար Գերմանիայի իշխանությունները ծախսել են 7,1 մլրդ եվրո: Բացի այդ, Բեռլինը եռակի ավելացրել է տարածաշրջաններին որպես հումանիտար օգնություն տրամադրվող միջոցների չափը. լրացուցիչ հատկացվել է 1,4 մլրդ եվրո: Փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների ընդունման, գրանցման եւ տեղավորման համար ծախսվել է 1,4 մլրդ եվրո, իսկ Գերմանիայի հասարակության մեջ նոր ժամանողների ինտեգրացման համար՝ եւս 2,1 մլրդ եվրո:

Թերթը նշում է, որ ժամանակավոր կացարանի կամ փախստականի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ դիմումների քննարկման գործընթացի համար սոցիալական տրանսֆերտները պետության վրա նստել են 1,7 մլրդ եվրո: Համերկրային կառավարությունը նաեւ երկրամասերին եւ կոմունաներին 3 մլրդ եվրո է հատկացրել որպես անմիջական օգնություն միգրանտների ներհոսքի պայմաններում:

Ավելի վաղ ԳՖՀ-ի ՆԳ նախարարությունում պատմել են, որ անցյալ տարի երկրում ապաստան Է խնդրել 280 հազար մարդ: Ընդ որում՝ 2015 թվականին Գերմանիա Է ժամանել 890 հազար փախստական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում