Օբաման կարող է շուրջ 20 մլն դոլար ստանալ իր հուշագրությունների համար. THR

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է իր հուշագրությունների համար ստանալ շուրջ 20 մլն դոլար կամ ավելին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս գնահատականը The Hollywood Reporter հանդեսին տվել է Էսթեր Նյուբերգը՝ International Creative Management Partners գործակալության պրոֆիլային ստորաբաժանման հրատարակչական խմբի ղեկավարը, որն աշխատում է կինոարտադրության, հեռուստատեսության, գրականության եւ զվարճանքների բնագավառում ստեղծագործող անհատների հետ: 

«Ոչ մի կասկած չկա, որ Օբամայի հուշերն ավելի թանկ կգնահատվեն, քան ցանկացած այլ նախագահի»,-ասել է նա:

Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, գիրքը գրելիս Օբամային կօգնի նրա նախկին սփիչռայթերը՝ Քոդի Քինանը:

Նախկին նախագահն ավելի վաղ հուշերի վրա աշխատելն համարել է իր «գլխավոր գերակայությունը»: Հանդեսը չի բացառում, որ գրիչ կվերցնի նաեւ նախկին առաջին տիկին Միշել Օբաման: Նյուբերգը կարծում է, որ նա «առանց դժվարության» գրքի համար ավելի շատ կստանա, քան Հիլարի Քլինթոնը, որն իր «Կենդանի պատմություն» ինքնակենսագրության համար վաստակել Է 8 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում