Մերկելը եւ Թրամփը կքննարկեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, հեռախոսազրույց կանցկացնեն առաջիկա շաբաթ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտնել է գերմանական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշված աղբյուրի: 

Սպասվում է, որ խոսակցության հիմնական թեման կդառնա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը:

Առայժմ հայտնի չէ, թե կքննարկվի արդյոք Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցների հնարավոր չեղարկումը, ընդգծում է հեռուստաալիքը:

Հունվարի 27-ին ավելի վաղ Politico հրատարակության լրագրող Սյուզան Գլասերը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, թվիթերում գրել է, որ Թրամփի վարչակազմը, հավանաբար, պատրաստվում է միակողմանի կարգով հանել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները:

Գլասերի հաղորդագրություններից պարզ չԷ՝ խոսքն արդյոք վերաբերում է սահմանափակիչ բոլոր միջոցներին, թե միայն պատժամիջոցների ռեժիմի թուլացմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում