Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու Թրամփի հրամանագրի շուրջ լուրերը

Կրեմլում չգիտեն, թե որքանով է իրականությանը համապատասխանում ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է նախապատրաստել հակառուսական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, այդ մասին ոչինչ հայտնի չէ, եւ, որքան ես հասկանում եմ, տեղեկատվությունը դիմազուրկ է, եւ չգիտեմ, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված համապատասխան տեղեկատվությունը:

Ավելի վաղ Politico հրատարակության լրագրող Սյուզան Գլասերը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը, հավանաբար, պատրաստվում է միակողմանի կարգով հանել այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են ՌԴ-ի նկատմամբ:

«Լսել եմ, որ Թրամփի վարչակազմում շրջանառվում է հակառուսական պատժամիջոցների թուլացման մասին հրամանագրի նախագիծը: Արդյոք դա կհաստատվի նախքան պետքարտուղարի պաշտոնում (Ռեքս) Թիլերսոնի նշանակվելը»,- գրել է նա իր թվիթերում: Հաջորդ թվիթում նա ճշտել է. «Մի քանի աղբյուրներ հայտնել են, որ առաջարկվող հրամանագիրը պատժամիջոցների չեղարկում է ենթադրում միակողմանի կարգով»:

Գլասերի հաղորդագրություններից պարզ չէ՝ խոսքն արդյոք բոլոր սահմանափակիչ միջոցներին է վերաբերում, թե միայն պատժամիջոցների ռեժիմի թուլացմանը:

Նույնպիսի տեղեկատվություն է հայտնում իր Թվիթերում Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆաբրիս Պոտիեն:

«Աղբյուրները հայտնել են, որ Թրամփի վարչակազմում հրամանագիր են պատրաստել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին»,-գրել է Պոտիեն, որի խոսքը մեջբերում է RT-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում