Լեռնային Ղարաբաղի խնդրով հանդիպումներ կլինեն, բայց դեռ ժամանակացույց չի կազմվել. Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարևորություն ունեցող թեմաներից է, և, ըստ այդմ, տարբեր մակարդակներով շփումները շարունակվելու են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Զախարովան ասել է հունվարի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպումներ, անկասկած, կլինեն, սակայն դեռ ժամանակացույց չի կազմվել:

Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումների արդյունքները՝ Զախարովան նշել է, որ տեղեկատվությունը հանրությանը ներկայացվել է ԱԳՆ մամուլի ծառայության միջոցով, եւ ինքը դրան ավելացնելու ոչինչ չունի: «Թեման անչափ զգայուն է: Բանակցությունները կառուցողական են եղել և ներառել են հակամարտության կարգավորման տարբեր եղանակների քննարկումներ»,- նշել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում