Սուրեն Կարայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչական պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ներկայացուցչական պատվիրակությանը, որը գլխավորում էր «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղե կատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակության կազմում էին Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր, Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Մոհամմադ Հասան Նեժադը, հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ժորժ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ, գործարարներ, փորձագետներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության պատասխանատու պաշտոնյաներ:

Ողջունելով ԻԻՀ պատվիրակության անդամներին, Սուրեն Կարայանը նշել է, որ երկու բարեկամ երկրները համատեղ կարող են տնտեսության զարգացման ավելի արագ տեմպեր ապահովել:

«Պետք է լիարժեքորեն օգտագործենք եղած հնարավորությունները: Պետք է ձգտենք կազմակերպել համատեղ արտադրություն և արտադրանքի արտահանում այլ շուկաներ: Մենք հայտարարել ենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին և արդեն ընթանում են կազմակերպչական աշխատանքները:Համատեղ ջանքերով կանենք հնարավորինը այդ տարածքում մեր երկու ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար: Հայաստանի և Իրանի սահմանակից ազատ տնտեսական գոտիները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական ակտիվության էպիկենտրոնը»,- ընդգծել է Սուրեն Կա րայանը:

Նախարարն առաջարկել է Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումից հետո, հենց այդ տարածքում կազմակերպել համատեղ գործարար համաժողով` հրավիրելով բոլոր հետաքրքրված գործարարներին, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան երկու ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին և առավելություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի հրաշալի թիմ է, որը կարող է ներկայացնել Իրանի տնտեսության ողջ հնարավորությունները: Նա հավելել է, որ առաջիկայում տեսանելի կլինեն ԻԻՀ նախագահի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, քանի որ երկուստեք կա քաղաքական կամք և մեծ ցանկություն խորացնելու և ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցությունը:

«Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին իր խոսքում չափազանց կարևորել է գործարար համագործակցությունը` հատկապես շեշտադրելով ազատ տնտեսական գոտիներում համատեղ աշխատանքի կազմակերպումը: Նա պատրաստակամություն է հայտնել ծանոթացնել հայ պաշտոնյաներին և գործարարներին «Արաս» ազատ առևտրի գոտու գործունեությանը, նաև փոխանցել իրենց փորձը հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մասնավորապես առանձնացվել են գյուղատնտեսությունը, կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, նանոտեխնոլոգիաները, արդյունաբերության այլ որլորտները, զբոսաշրջությունը:

Մեկ անգամ ևս հավաստելով տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ խոսքից գործի անցնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կնախանշի կոնկրետ քայլեր երկու երկրների տնտեսական գոտիների ակտիվ գործակցությունը կազմակերպելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում