«Մուրացիկ-խմբագիրները» պատրաստ են բացառապես ամեն ինչի

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ցավոք, հնարավորություն են որոշ «լրագրողների» և «խմբագիրների» համար օգտվել քաղաքական պայքարի տրամաբանությունից և որոշ գումարներ «մուրալ» մասնակից դաշինքներից կամ կուսակցություններից՝ սրա-նրա դեմ պատվեր գրելու համար: Եվ քանի որ քաղաքական պայքարն էլ գնալով ավելի է սրվում, ապա գումարները, ըստ տրամաբանության, պետք է շեշտակի աճեն, ինչին հասնելու համար էլ «մուրացիկ-խմբագիրները» պատրաստ են բացառապես ամեն ինչի: Ընդ որում, բացառապես ամեն ինչ ասելով պետք է հասկանալ հնարավոր բարոյական նորմերի խախտումը, լրագրողական էթիկայից դուրս արտահայտություններ ու որակումներ հրապարակելը, որի հետևանքով տվյալ լրատվամիջոցն անցնում է Ռուբիկոնն ու վերածվում սովորական թերթոնի, որի հետ էլ վարվելն էլ պետք է համապատասխան ձևով լինի:

Այսպես, այսօր առավոտյան Armlur.am կայքը հոդված էր հրապարակել, թե Գագիկ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքների մասնակից կուսակցությունների համար սա հնարավորություն է «մի քիչ փող թրցնելու» և, որ «դաշինքների մասնակիցները քաղաքական փախստականներ են»:

Արդեն իսկ տեղի ունեցած որակումներից պարզ է, որ կայքին նմանատիպ հաղորդում պատրաստելը «որևիցե տեղից իջեցված պատվեր» է եղել, որի համար, թերևս, վճարվել է ամերիկյան կանաչով: Բայց արի ու տես, որ հնչում են այնպիսի աբսուրդային մեղադրանքներ այնպիսի կուսակցությունների հասցեին, որ տեղի ունեցածը վերածվում է սովորական տգիտության:

Եվ ուրեմն, տգետ լրագրողը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը մեղադրում է «անձ-կուսակցություն» լինելու մեջ, որը «փող թրցնելու խնդիր ունի»: Եթե տգետ լրագրողն իրեն մի փոքր նեղություն տար ուղղակի Google մտնել, ուզեր կամ չուզեր՝ կտեսներ, որ 130-ամյա ՍԴՀԿ-ն կազմակերպական կառույցներ ունի աշխարհի շուրջ 2 տասնյակ երկրներում՝ Հայաստանից մինչև Միացյալ Նահանգներ: ՍԴՀԿ-ի հովանու տակ են գործում հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ընդգրկող ՀՄՄ-ն՝ Հայ Մարմնամարզական Միությունը, «Նոր Սերունդ» Մշակութային միությունը, Հայ Կրթական Բարեսիրական Միությունը, բազմաթիվ թերթեր, ռադիոներ ու կայքեր՝ սփռված աշխարհով մեկ:

ՍԴՀԿ-ի Հայաստանի կառույցը Հայաստանում գործում է 1991 թ-ից, ստեղծել և Արցախ է ուղարկել երկու բավական հայտնի ջոկատներ՝ «Փարամազ» և «Մեծն Մուրադ», տարբեր ժամանակներում ունեցել է պատգամավորներ, մասնակցել է վերջին ՏԻՄ ընտրություններին, ունի գրասենյակներ Մեղրիից մինչև Արթիկ ընկած բոլոր մարզերում և մեծ քաղաքներում:

Հնչակյան կուսակցության անդամներ են փաստաբան Գագիկ Մելիքյանը, ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, Սիրիայի հարցով փորձագետ Վազգեն Մեսրոպյանը, բազմաթիվ ազատամարտիկներ, դասախոսներ, գիտնականներ: ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետն էլ պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանն է:

Հիմա 130-ամյա այս կառույցին տգետ լրագրողն անվանում է «անձ-կուսակցություն» ու տալիս անձնական որակումներ:

Մեզ մնում է միայն մտովի հետաքրքրվել և անել եզրակացություն՝ ո՞վ է կանգնած այս էժան պատվերի հետևում:

Ժիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում