ԱՄՆ ներգաղթի սահմանափակումն ուղղված չէ մուսուլմանների դեմ. Թրամփ

ԱՄՆ-ում ներգաղթի վերահսկողության խստացման նոր միջոցառումները, հակառակ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների, արտասահմանից երկիր մուսուլմանների ժամանման արգելք չէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հավաստիացմամբ հունվարի 29-ին հանդես էեկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: 

Ինչպես ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Թրամփի անունից տարածված հայտարարության մեջ, «Ամերիկան ներգաղթյալների հպարտ ազգ է եւ կշարունակի կարեկցանք դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են ճնշումից»: «Բայց մենք դա անելու ենք՝ պաշտպանելով սեփական քաղաքացիներին ու սահմանները»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

90-օրյա ժամկետով Միացյալ Նահանգներ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքի նոր արգելքը վերաբերում է այն յոթ երկրներին, որոնք «ահաբեկչության աղբյուր» էին համարվել ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, հիշեցրել է Թրամփը:

Ինչպես նա նշել է, «խոսքը ԱՄՆ մուսուլմանների մուտքի արգելման մասին չէ»: «Բանը կրոնը չէ, այլ ահաբեկչությունը, այն, որ ապահովվի մեր երկրի անվտանգությունը»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում