Թուրքիան Գերմանիայից պահանջում է վերադարձնել այդ երկրում գտնվող իր զինվորականներին

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ապաստան չտալ իրենց դիմած թուրք զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Գերմանական մամուլում տեղ էին գտել հրապարակումներ այն մասին, որ բարձրաստիճան թուրք զինվորականները ապաստան են խնդրել գերմանական կողմից: Ի պատասխան նման լուրերի` Ըշըքըն ասել է. «Գերմանական դատարանն ու իշխանությունները լրջորեն պետք է ուսումնասիրեն խնդիրը և կտրականապես մերժեն ապաստան տրամադրելու դիմումները»:

Նախարարն ընդգծել է, որ փետրվարի 15-ին Մյունխենում ՆԱՏՕ-ի անդամ երկրերի պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ հանդիպելու է գերմանացի գործընկերոջ հետ և քննարկելու այս հարցը: «Դա անընդունելի է: Ակնկալում ենք Գերմանիայից, որ ապաստան տրամադրելու դիմումները առհասարակ չքննվեն, և ապահովվի այս պահին Գերմանիայում գտնվող գյուլենականների վերադարձը Թուրքիա»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում