Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Լիբանանում

ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությանությունը և հայ համայնքի ներկայացուցիչները հունվարի 28-ին այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատված» կենտրոնակայան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության, UNIFIL-ի հայկական զորախմբի և հայ համայնքի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառում, որին ներկա էին խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոն, տարբեր երկրների զինծառայողներ։

Պաշտոնական արարողության ընթացքում 5-րդ զորախմբի հրամանատար՝ կապիտան Կարեն Աթոյանը ողջունեց ներկաներին` շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ռազմի դաշտում զոհված բոլոր հայ զինվորների վառ հիշատակը:

Այնուհետև, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց Հայոց բանակի կազմավորման քառորդդարյա դժվարին, բայց միևնույն ժամանակ փառավոր ուղին՝ նշելով, որ Հայոց բանակը, պաշտպանելով Հայաստանի անկախությունը, միաժամանակ ողջ հայ ժողովրդի ազատատենչ ոգու մարմնավորումն է։

Դեսպանն առանձնահատուկ շնորհավորեց հայկական զորախմբին՝ միջազգային անվտանգության ապահովման շրջանակներում իրականացվող իրենց գնահատելի ծառայության և Հայաստանի Հանրապետության ու ՀՀ Զինված ուժերի հեղինակությունը մշտապես բարձր պահելու համար:

Ապա, դեսպան Մկրտչյանը ՀՀ բանակի 25-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց զինավանի սպայական անձնակազմին և հայ զինծառայողներին:

Լիբանանի հայոց թեմի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Մկրտիչ քահանա Քեշիշյանը բարի ծառայություն մաղթեց և իր օրհնությունը փոխանցեց զինվորներին:

Միջոցառման ավարտին հյուրերը ճաշակեցին հայկական ուտեստներ:

2016 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ UNIFIL-ում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 40 պետությունների զորախմբեր, որոնց ընդհանուր թիվը կազմում է 10000-ից ավել զինծառայող: UNIFIL-ի «Արևմտյան hատված» կենտրոնակայանում ծառայում են 13 պետությունների 3800 խաղաղապահներ, որոնց թվում՝ 32 հայ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում