Ամերիկացիներից կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի քաղաքականությանը. Gallup poll found

Ամերիկացիների առնվազն 51 տոկոսը հավանություն չի տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալները:

Նախագահի պաշտոնում գտնվելու առաջին ութ օրվա ընթացքում Թրամփը հարուցել է ամերիկացիների 51 տոկոսի դժգոհությունը, ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքականությանը հավանություն է տալիս երկրի բնակիչների 42 տոկոսը: Հարցմանը մասնակցել են 1,5 հազար չափահաս ամերիկացիներ: Անճշտությունը կազմում է 3 տոկոս:

Ինչպես նշում է Hill թերթը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը նախագահական աթոռն զբաղեցրել է 2009 թվականին, իր աշխատանքի վերաբերյալ ամերիկացիների 51 տոկոսի բացասական գնահատականներ է ստացել միայն 2011 թվականի օգոստոսին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում Միացյալ Նահանգների շատ քաղաքներում: Բազմամարդ ակցիաներ են կազմակերպվել Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Տեխասի, Մասաչուսեթսի, Ջորջիայի նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում: Մասնավորապես, Նյու Յորքի Մանհեթենի շրջանի հարավային մասում՝ «Բեթերի» զբոսայգուց ոչ հեռու, տեղի են ունենում ներգաղթյալների պաշտպանության հանրահավաքներ: Քաղաքի առաջատար իրավապաշտպան միավորումների թվից կազմակերպիչների խոսքով՝ ցույցին մասնակցում Է շուրջ 12 հազար մարդ:

Համանման ակցիաներ են տեղի ունենում նաեւ Չիկագոյի (Իլինոյսի նահանգ), Ատլանտայի (Ջորջիայի նահանգ), Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիկոյի (երկուսն էլ Կալիֆոռնիայի նահանգում) օդանավակայաններում: Ընդհանուր առմամբ հանրահավաքներին մասնակցում է մի քանի հազար մարդ: Բողոքի բազմահազարանոց ակցիան շարունակվում է նաեւ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում:

Ավելի վաղ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում