Հայաստանի Երկրի նկարագիրը կներկայացվի Բելգրադի աշխատաժողովում

ՄԱԿ ԵՏՀ-ի, ՄԱԿ-Հաբիթաթի և Սերբիայի Հանրապետության շինարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2017 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա աշխատաժողով՝ «Ազգային կարողությունների հզորացում կայուն բնակարանային ապահովման, քաղաքաշինության և հողի կառավարման համար. գործողությունների Ազգային պլանի մշակում, իրականացում և մոնիտորինգ» թեմայով, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:

Աշխատաժողովի ժամանակ՝ Հայաստանի Երկրի նկարագրում արված առաջարկությունների հիման վրա Հայաստանի համար կմշակվի գործողությունների Ազգային պլան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացվում է «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի Երկրի նկարագիրը` քաղաքների պլանավորման և զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության, հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմացման, աղետների ռիսկերի նվազեցման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում օրենսդրական, ինստիտուցիոնալ շրջանակների և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ: Երկրի նկարագիրը հաստատվել է ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողերի կառավարման կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած 77-րդ նստաշրջանի ընթացքում և դրա շնորհանդեսը նախատեսվում է 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ Երևանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում