«Առավոտ». Աշոտ Աղաբաբյանը պատրաստ է ԱԺ-ում իր տեղը զիջել երիտասարդ, խելացի կադրերին

«Առավոտ»-ը Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ իր անունը չկա Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում, չի՞ մասնակցելու ընտրություններին։ Ի պատասխան թերթի հարցին՝ Աղաբաբյանն ասել է. «Մասնակցել- չմասնակցելը կուսակցության որոշելիքն է, եթե նոր, երիտասարդ, խելացի կադրեր գան, ես իմ տեղը կզիջեմ, խնդիր չունեմ»։ 

Թերթի դիտարկմանը, թե շատերը ՀՀԿ-ից նեղվելով, հեռացան կուսակցության շարքերից՝ միանալով Գագիկ Ծառուկյանին, հնարավո՞ր է Ձեր թեկնածությունը չառաջադրվելու դեպքում Դուք էլ հեռանաք ՀՀԿ-ից, Աշոտ Աղաբաբյանն ասել է. «Ես նեղվածություն չունեմ, ես կուսակցության զինվոր եմ, մեր կուսակցությունն անկախության բանակի հիմքերի վրա է կառուցված, և մեզ մոտ կա խնդիր, որ բոլոր իրադարձություններում մենք պետք է զինվոր մնանք՝ համապատասխան բանակին և Հանրապետական կուսակցությանը»։

Աշոտ Աղաբաբյանը նաև նշել է, որ ԱԺ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է՝ սատարելով իր կուսակից ընկերներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում