Մեղադրանքներ են առաջադրվել Քվեբեկ-սիթիում ահաբեկչության կատարողին

Կանադայի Քվեբեկի նահանգի ոստիկանությունը հաստատել է Քվեբեկ-սիթի քաղաքի մզկիթում ահաբեկչական գործողություն կատարածի անձը, նրան արդեն մեղադրանքներ են առաջադրված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտել է CBC հեռուստաալիքը: 

Նշվել է, որ ահաբեկչությունը կատարել է 27-ամյա կանադացի Ալեքսանդր Բիսոնետը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել վեց սպանության եւ սպանության հինգ փորձի մեջ (խոսքը վերաբերում է ծանր վիրավորված մարդկանց): Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ գործով երկրորդ կասկածյալը՝ Մոհամեդ Հադիրը, հարցաքննությունից հետո ազատ է արձակվել եւ այժմ հանդես է գալիս որպես ահաբեկչական գործողության վկա:

Հայտնի է, որ մզկիթի վրա գրոհելուց հետո Բիսոնետը հանցագործության վայրից թաքնվել է ավտոմեքենայով, իսկ հետո ինքն է զանգահարել ոստիկանություն եւ ձերբակալվել:

Journal de Quebec-ը զրուցել է Բիսոնետի նախկին համակուրսեցիների հետ, որոնք նրան բնութագրել են որպես աջ արմատական հայացքների հետեւորդ:

Հունվարի 29-ին կիրակնօրյա աղոթքի ժամանակ մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել: Վերջին տեղեկատվության համաձայն՝ տուժածներից հինգը գտնվում են հիվանդանոցում, երկուսը ծանր վիճակում են: Ոստիկանության տվյալներով՝ 39 մարդ փրկվել է այդ ահաբեկչությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում