Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Քուվեյթում

Քուվեյթի Հայ ազգային վարժարանում հունվարի 29-ին տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀԱԵ Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, քուվեյթահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին՝ դեսպան Բադեյանն իր ողջույնի խոսքում արժևորեց Հայոց պետականության, նրա կայունության ու հզորության համատեքստում ՀՀ զինված ուժերի առանցքային դերակատարությունը և ընդգծեց այն իրողությունը, որ խաղաղության ու զարգացման երաշխավոր Հայոց բանակը համահայկական ակնածանքի ու հպարտության աղբյուր է։

«Առաջնագծում կանգնած հայ զինվորն իրեն առավել ամուր ու անխոցելի է զգում, երբ վստահ է, որ բանակի նկատմամբ կա համընդհանուր միասնականություն, սեր ու պատասխանատվություն»,- մասնավորապես նշեց ՀՀ դեսպանը։

Դեսպան Բադեյանը նաև հատուկ կարևորեց որակյալ կրթության հիմնաքարային դերը ամուր և հզոր զինված ուժերի կայացման գործում:

Միջոցառման մշակութային հատվածում Ազգային վարժարանի սաները ներկայացան երաժշտական և ասմունքի կատարումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում