Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԵՄ-ի հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Բանակցային խմբի ղեկավարն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցման և էներգետիկայի խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների սկսմանը: Համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը,բարձրորակ ծառայության ապահովմանը և ուղևորների համար ավելի լայն ընտրության հնարավորության ընձեռմանը:Հայաստանի հետ փաստաթուղթը Ընդհանուր ավիացիոն տարածության մասին (Common Aviation Area Agreement) համաձայնագրի ձև կունենա, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որոն ց հետ ԵՄ–ն սերտ հարաբերություններ է կառուցում հարևանության իր քաղաքականության միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում