Սիրիական ընդդիմությունն առաջին անգամ զրահատեխնիկա է ստացել ԱՄՆ-ից

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմության ուժերի դաշինքը (SDF) հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո ընդլայնել է աջակցությունը Սիրիայում գործող իր դաշնակիցներին եւ առաջին անգամ սկսել է նրանց մատակարարել զրահատեխնիկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով SDF-ի ներկայացուցիչ Թալալ Սելոյին: 

Զրահատեխնիկան եւ զրահափոխադրիչներն ստացվել են 4-5 օր առաջ, ասել է նա: Դաշինքը հիմնականում բաղկացած է քրդական ջոկատներից:

SDF-ի ներկայացուցչի խոսքով՝ չնայած տեխնիկայի ոչ մեծ քանակությանը, դա «իրենց ցուցաբերվող նոր աջակցության վկայությունն է»: «Մինչ այդ մենք նմանօրինակ աջակցություն չէինք ստանում, մեզ տրամադրում էին թեթեւ զենք ու զինամթերք»,- հավելել է Թալալ Սելոն:

«Դա ԱՄՆ-ի նոր ղեկավարության կողմից լիակատար աջակցության, մեր զորքերին ցուցաբերվող ավելի մեծ օժանդակության դրսեւորումներ են, քան ավելի վաղ»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում