Տուսկն անհանգստացած է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հայտարարություններից

Եվրախորհրդի ղեկավար Դունալդ Տուսկը հայտնել է, թե անհանգստացած է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հայտարարություններից՝ դրանք նշելով այն մարտահրավերների թվում, որոնց բախվում Է Եվրամիությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՄ-ի անդամ 27 երկրների ղեկավարներին հասցեագրված նրա նամակում: 

Փաստաթղթում, որն ուղարկվել է Մալթայում ԵՄ-ի ապագային նվիրված ոչ պաշտոնական գագաթնաժողովից մի քանի օր առաջ, որին կմասնակցեն ԵՄ-ի անդամ բոլոր երկրները, բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի, Տուսկը նշել է, որ «մարտահրավերները, որոնց բախվում է Եվրոպական միությունը, ավելի վտանգավոր են, քան Հռոմի պայմանագրի ստորագրման ժամանակներից ի վեր երբեւէ»: Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ «առաջին սպառնալիքը՝ արտաքինը, կապված է աշխարհում եւ Եվրոպայի շուրջ աշխարհաքաղաքական նոր իրադրության հետ»:

«Համառ Չինաստանը, հատկապես ծովում, ՈՒկրաինայի եւ իր մյուս հարեւանների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, ահաբեկչությունն ու անարխիան Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, որտեղ հանգուցային դեր է խաղում արմատական իսլամը, ինչպես նաեւ ամերիկյան նոր վարչակազմի՝ անհանգստություն հարուցող հայտարարությունները, ավելի ու ավելի անկանխատեսելի են դարձնում մեր ապագան»,-գրել է Տուսկը, որի նամակի տեքստը տարածել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում