Ֆրանսիայի խորհրդարանում խուզարկություն է անցկացվում Ֆիյոնի կնոջ գործի հետաքննության շրջանակներում

Ֆրանսիացի քննիչները եկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ այսպես կոչված «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BF M TV հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ քննիչները մտադիր են առգրավել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատավարձի վճարումներին:

Նախօրյակին «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը եւ նրա տիկինը՝ Պենելոպան, առանձնաբար հարցաքննվել են քննիչների կողմից: Հարցաքննությունը տեւել է շուրջ հինգ ժամ: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Անտոնեն Լեւինը:

«Զրույցը տեւել է շուրջ հինգ ժամ: Վկայություններ են տրամադրվել Պենելոպա Ֆիյոնի՝ որպես իր ամուսնու օգնականի աշխատանքի վերաբերյալ,– նշել է փաստաբանը BFM TV հեռուստաալիքի եթերում:- Ե՛վ Ֆրանսուա Ֆիյոնը, ե՛ւ նրա կինը գոհ էին, որ կարողացան հանդիպել քննիչների հետ, ինչը նրանք պնդում Էին հենց սկզբից, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը»: «Մենք ցանկանում ենք, որ հետաքննությունն առաջ ընթանա, եւ պատրաստ ենք, եթե պահանջվի, տրամադրել այն բանի նոր վկայություններ, որ Պենելոպա Ֆիյոնն իրոք օգտակար աշխատանք է կատարել՝ լինելով իր ամուսնու օգնականը Ազգային ժողովում»,- հավելել է նա:

Անցած չորեքշաբթի Ֆրանսիայում սկանդալ է ծայր առել, երբ Le Canard enchaՏnռ թերթը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որում պնդվում Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը եւ համապատասխան վարձատրություն է ստացել, բայց ընդ որում «ոչ մի կոնկրետ պարտականություն չի կատարել»:

Սկանդալը բորբոքվել է: Տեղական ԶԼՄ-ներն այն անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը երկար ժամանակ անվիճելի ֆավորտի էր համարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում