ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել անհապաղ վերսկսել Սիրիայի շուրջ բանակցությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է հունվարին Աստանայում Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ կայացած բանակցությունները եւ կոչ է արել ՄԱԿ-ի հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել դրանք: Ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումը որակել են որպես Ժնեւի բանակցային գործընթացի վերագործարկմանն ուղղված «կարեւոր քայլ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրանք հորդորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային` «Ժնեւում բանակցությունները վերսկսել որքան կարելի է արագ, ինչպես նաեւ կոչ են արել սիրական կողմերին` դրանց մասնակցել բարի կամքի ոգով եւ առանց նախապայմանների»:

Անվտանգության խորհրդում ընդգծել են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման, հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մատնանշել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու կարեւորությունը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մամուլի համար հայտարարության տեքստն առաջարկել էր Ռուսաստանի պատվիրակությունը:

Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպում է անցկացրել դե Միստուրայի մասնակցությամբ: Հանձնակատարը, ամփոփելով քննարկումների արդյունքները, լրագրողներին հայտնել է, որ պլանավորում է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունները վերսկսել փետրվարի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում