Թրամփը սկսնակ է քաղաքականության մեջ եւ չի հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհում. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թրամփը սկսնակ է քաղաքականության մեջ եւ չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

«Թրամփը նոր մարդ է քաղաքականության մեջ,- նշել է Ռոուհանին:- Մինչ այդ նա ապրում էր միանգամայն այլ աշխարհում, իսկ այժմ հայտնվել Է բացարձակապես անծանոթ իրադրության մեջ: ԱՄՆ-ը մեծ գին կվճարի, նախքան նա կհասկանա, թե իրականում ինչ է տեղի ունենում աշխարհում»:

Մեկնաբանության համար առիթ է դարձել ԱՄՆ-ի նախագահի կողմից ստորագրված օրենքը, որը սահմանափակում է ներգաղթը իսլամական մի շարք երկրներից, ներառյալ Իրանը: «Այժմ մարդկանց բաժանելու ժամանակը չէ»,– ասել է Ռոուհանին, հավելելով, որ Թեհրանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ-ի ղեկավարի որոշման:

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանը կդադարեցնի ամերիկացիներին մուտքի այցագրեր տալը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի: «Դրան մեր պատասխանն այս Է. մենք ամերիկացիներին Իրան այցելելու այցագրեր չենք տա»,– ասել Է Զարիֆը: Նրա խոսքով՝ հնարավոր են այդ կանոնից բացառություններ: «Եթե լինեն բացառություններ, ապա դրանք կքննարկվեն Իրանի ԱԳ նախարարության կողմից, դրանից հետո կընդունվի որոշում»,-հայտարարել է նախարարը:

Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ Է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում