ԱՄՆ դեսպանը ներկայացրեց Հայաստանի հաջողությունները մարդու իրավունքների և քաղհասարակության ամրապնդման հարցում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրեց Հայաստանի հաջողությունները ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև իր ելույթում Ռիչարդ Միլսը տպավորիչ փաստերից մեկը համարեց այն, որ Հայաստանը 4 տարի անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում տեղ է գտնում 1-ի ն խմբի երկրների շարքում, ինչն առավելապես միջգերատեսչական աշխատանքային խմբի շնորհիվ է, որը կառավարության ու քաղաքացիական հասարակության համագործակցության օրինակելի դեպք է: «Սակայն, կուզենայի մեկ բան ավելացնել. որպեսզի մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը շարունակվեն արժանվույնս գնահատվել, ես կոչ եմ անում կառավարությանն անհապաղ վերականգնել աշխատանքային տեսչությունը: Առանց գործունակ աշխատանքային տեսչության չափազանց դժվար է պարզել ու կանխել աշխատանքային թրաֆիքինգի և, հատկապես, մանկական աշխատանքի դեպքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց դեսպանը:

Միլսը մեկ այլ ձեռքբերում է համարում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որը երկրում ՀԿ-ների համար բոլորովին նոր հնարավորություններ է ձևավորում՝ թույլ տալով հասնել ավելի մեծ ֆինանսական անկախության և երկարաժամկետ կայունության: «Մարդու իրավունքների ոլորտում շատ հուսադրող է Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն ստեղծելու Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը, որին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը. նաև նշեմ վերջին շրջանում նախարարության կողմից թեժ գծի գործարկումը ծնողների համար, ուր նրանք կարող ե ն զանգել իրենց որդիների նկատմամբ զինված ուժերում ցուցաբերվող վերաբերմունքի հետ կապված հարցերով ու մտահոգություններով»,- ընդգծեց դեսպանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փոքր դրամաշնորհների միջոցով մի շարք ՀԿ-ներ կարողացել են իրականացնել իրական տեղաշարժ ապահովող ծրագրեր: ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ը կազմակերպել է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ ուղղված շատ ուշագրավ արշավ սոցիալական հարթակներում. մի շարք ՀԿ-ներ, այդ թվում՝ «Կենդոյի ազգային ասոցիացիա», «Դասարան», «Հալեպ» ՀԿ-ներն իրականացրել են ծրագրեր միտված հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական ներառմանը:

Դեսպանի գնահատմամբ` այս բոլոր հաջողությունները ցույց են տալիս, որ կան շատ կազմակերպություններ և շատ մարդիկ կառավարության ու քաղաքացիական հասարակության շարքերում, ովքեր խորապես հոգ են տանում այս հարցերի մասին և նվիրված են հայ հասարակության ներսում իրական փոփոխությունների կատարման գործին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում