Իրանի և Հայաստանի տուրօպերատորները բանակցում են միասնական զբոսաշրջային փաթեթ ունենալու ուղղությամբ

Հայաստանի զբոսաշրջային օպերատորների և լրատվամիջոցների ճանաչողական այցն Իրան բավական արդյունավետ է անցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատվիրակությունը գլխավորած ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Այցը տեղի է ունեցել հունվարի 22-29-ը և այն կազմակերպվել է Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության հրավերով: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ պետական, մասնավոր հատված ձևաչափով: Հանդիպումներ են տեղի ունեցել Թեհրանում, Թավրիզում, Ուրմիայում, Սպահանում:

«Հանդիպումներն անցկացվել են զբոսաշրջային ընկերությունների, հյուրանոցային ծառայությունների, լրատվամիջոցների, այդ թվում, «Արմենպրես» լրատվական գործակալության ներկայացուցչի մասնակցությամբ: Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված երկու ուղղություններով զբոսաշրջային այցելություններն ակտիվացնելու, համատեղ միջոցառումներ իրականացնելու, հայ-իրականան զբոսաշրջային արդյունքի ձևավորման և այն միջազգային շուկայում ներկայացնելու հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպումների ընթացքում ներկայացվել են հայկական, իրանական զբոսաշրջային հնարավորությունները: Ըստ նրա` արդյունքները գոհացուցիչ են, արդեն Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ընկերությունները բանակցում են` միասնական զբոսաշրջային փաթեթների ձևավորման ուղղությամբ:

«Ի դեպ, Սպահանում քննարկվել է Սպահան-Գյումրի ավիաչվերթ կազմակերպելու, ինչպես նաև դրանք քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը:Նախատեսվում է ավիաընկերությունների հետ համագործակցությամբ առաջիկայում կազմակերպել իրանական լրատվամիջոցների այց Հայաստանը և այցելություն` հակառակ ուղղությամբ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում