Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է տարածաշրջանում խաղաղություն բերել. Զարիֆ

Իրանի և Հայաստանի հարաբերությունները կարող են օրինակելի լինել մի աշխարհում, որում տարածվում են ծայրահեղական մոտեցումներ տարբեր կրոնների անուններից:

Նման հայտարարությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Զարիֆը շեշտել է նաև, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերջին այցը Երևան «դրական» էր: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կարող է տարածաշրջանում բերել խաղաղության և անվտանգության հաստատման:

Անդրադառնալով տարածաշրջանում ծայրահեղականության դրսևորումներին` Զարիֆը շեշտել է, որ նման սպառնալիքներին հակազդելու հարցում Հայաստանի և Իրանի համագործակցությունն անխուսափելի է: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրները նաև հնարավորություններ ունեն համագործակցելու տրանզիտի ոլորտում:

Հայաստանի պաշտպանության նախարարն էլ իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները զարգացնում են հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում: Նա շեշտել է, որ Երևանի համար խիստ կարևոր են հարաբերություններն Իրանի հետ` մի երկրի, որն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում խնդիրների լուծման հարցում: Վիգեն Սարգսյանը կարևոր է նաև այն հանգամանքը, որ Իրանի նախագահ Ռոհանիի Երևան կատարած այցից հետո երկկողմ հարաբերություններում նոր դրական զարգացումներ են գրանցվել:

Հունվարի 31-ին կայացել են Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հոսեյն Դեհղանի բանակցությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում:

Այնուհետև Հայաստանի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի դամբարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում