ԱՄՆ-ը պաշտոնական նախազգուշացում է արել Իրանին բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ

ԱՄՆ-ը դատապարտում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ համարում է, որ այդ գործողությունները խախտում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչի կապակցությամբ պաշտոնական նախազգուշացում է անում երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմնպրես»-ը, լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը: 

«Մենք պաշտոնապես նախազգուշացնում ենք Իրանին… Իրանը շարունակում է սպառնալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: ԱՄՆ-ը շարունակում Է դատապարտել Իրանի նմանօրինակ գործողությունները, որոնք խախտում են անվտանգությունն ու կայունությունը եւ պետությունների բարգավաճումը Մերձավոր Արեւելքում»,- ասել է նա:

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հաստատել է նոր հրթիռների արձակումը, նշելով, որ այն չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որը 2015 թվականին հուլիսին Իրանի հետ համաձայնեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի կողմից:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, փետրվարի 1-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր օրինագիծ է ներկայացվել Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Այդ մասին ասված է դրա հեղինակներից մեկի՝ Իլինոյսի նահանգից կոնգրեսական Փիթեր Ռոսքեմի կայքում: Փաստաթուղթը պատրաստվել է չորս կոնգրեսականների կողմից, որոնք գլխավորում են Իսրայելի գործերի խումբը, որը գործում է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խմբակցության կազմում: Մասնավորապես, օրինագիծն ուղղված է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի դեմ պայքարին:

Օրինագծով նախատեսվում է «նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Mahan Air ավիաընկերության դեմ, որն օգնում է Կորպուսին տարածելու ահաբեկչությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում