Խորենացի փողոցում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար 3 երիտասարդ դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Գարիկ Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանն էլ հայտնեց, որ դատարանը հաշվի չի առել մեղմացնող հանգամանքները, այն փաստը, որ նրա խնամքին են չաշխատող կինը և անչափահաս երեխաները: Բացի այդ, հաշվի չի առնվել, որ ներկայացվել է դրական բնութագիր և քառօրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ տեղեկություններ:

Երկու փաստաբաններն էլ հայտնեցին, որ վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

Նշենք, որ Արսեն Մկրտումյանը դատապարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, իսկ Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը նաև՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանների վրա քարեր նետելու մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում