Պենտագոնի նոր ղեկավարը հաստատել է ԱՄՆ-ի պարտավորությունները Հարավային Կորեայի հանդեպ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 2-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա անվտանգության բնագավառում Հարավային Կորեայի հանդեպ ստանձնած պարտավորություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները: 

«Մեր նոր վարչակազմը ժառանգել է երկու երկրների միջեւ հաստատված շատ ամուր հարաբերություններ: Եվ մեր պարտավորությունն է՝ դրանք դարձնել էլ ավելի ուժեղ, հատկապես այն սադրանքներին դեմ հանդիման, որոնք հրահրվում են Հյուսիսից (ԿԺԴՀ), որոնց դուք (Հարավային Կորեան) բախվում եք»,– ասել է նախարարը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում:

«Ես խոսել եմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նա ցանկանում էր շատ հստակ հայտարարություն անել այն գերակայության վերաբերյալ, որը մենք տալիս ենք մեր երկու ժողովուրդների միջեւ դաշինքին»,- նշել է նա:

Մեթիսը Հարավային Կորեա է ժամանել այդ հանրապետության բարձրաստիճան ներկայացուցիչների, ներառյալ պաշտպանության նախարար Հան Մուն Հուի հետ բանակցություններ վարելու համար: Մեթիսը պլանավորում Է Սեուլում մնալ փետրվարի 2-ին եւ 3-ին, ինչից հետո պլանավորված է նրա ուղեւորությունը Ճապոնիա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում