«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը խիստ գաղտնի բանակցություններ է վարում ՀԱԿ-ի հետ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, որոշ տեղեկություններով, բանակցում է ՀԱԿ-ի հետ։ Ընդ որում՝ կողմերը բանակցությունները խիստ գաղտնի են պահում, և անգամ ՀԱԿ-ում քչերը գիտեն այդ մասին. գրել է «Հրապարակ»-ը:

«Ծառուկյան դաշինքի» ճանապարհը, կարծես, փակ է Արսենյանի համար։ Թերևս, այստեղ խառն է իշխանության մատը, որը չի ցանկանում Արսենյանին տեսնել Ծառուկյանի կողքին, բայց ցանկանում է տեսնել Տեր-Պետրոսյանի կողքին։ Սա Արսենյանի համար բավականին լավ տարբերակ է՝ նախ, քանի որ ՀԱԿ-ը պահպանել է ընդդիմադիրի իր իմիջը, և ամոթալի չի լինի հայտնվել այդ ցուցակում, ՀԱԿ-ին էլ է սա ձեռնտու, քանի որ թիմը ֆինանսական խնդիրներ ունի, իսկ Արսենյանը վերջերս է վաճառել իր բիզնեսների մեծ մասը և ազատ միջոցներ ունի, որը կարող է ներդնել ՀԱԿ նախընտրական կամպանիայի մեջ։ Գուրգեն Արսենյանը դեռևս չի ցանկանում խոսել իր քաղաքական ծրագրերի մասին։

«Խոսելու իմ ժամանակն էլ կգա»,-թերթի հետ զրույցում ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում