Մերկելը Թուրքիայում հանդիպել է քրդամետ կուսակցության պատգամավորներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով փետրվարի 2-ին այցելել է Թուրքիա, հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը և տևել է շուրջ մեկ ժամ:

Հայտնի է, որ քրդամետ կուսակցության պատգամավորների և մասնավորապես օրեր առաջ բանտից ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ հանդիպումն անձամբ պահանջել էր Մերկելը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերին ընդունել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանդիպումների ընթացքում Մերկելը բարձրաձայնել է երկրում հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում