Շատիվանքը կործանման եզրին է. Մշակույթի նախարարությունն արձագանքում է

Վայոց ձորում գտնվող Շատիվանքի վանական համալիրը կործանման եզրին է: Ուխտագնացության վայր համարվող այս հուշարձանի ծածկի սալաքարերը թափվել ու խախտվել են, տանիքի առանձին մասեր էլ դարձել են վտանգավոր, փլուզվել է բրգաձեւ պարսպի մի հատվածը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շատին համայնքի ղեկավար Տիգ րան Խուդոյանը վստահեցրեց, որ խնդրով դիմել են պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք: «Պատմական այս հուշարձանը, որը նաեւ բացառիկ է իր կառուցվածքով, քայքայվում եւ կորցնում է իր բովանդակային մասը»,-ասաց համայնքի ղեկավարը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը մեզ տեղեկացրեց, որ 2009 թվականին իրականացվել է Շատիվանք վանական համալիրի մոնիթորինգ, և նշյալ հուշարձանը գտնվում է ոլորտի պատասխանատու գերատեսչության ուշադրության կենտրոնում: «ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների ամենամյա մոնիթորինգ, որի արդյունքում ձևավորվում է առավել վտանգված և արժեքավոր հուշարձանների ցանկ: Պետական բյուջեի հատկացումների հաշվին 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2018 թ. նախատեսված է գումար հուշարձանի վերականգնմա ն գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը ցավով արձանագրեց, որ բյուջեի հատկացումները սակավ են, և անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հուշարձանները մասնակի փլուզումից փրկելու խնդրին: «Դրանք կարող են իրականացվել միայն երկարաժամկետ ծրագրերի արդյունքում, չնայած հնարավորության դեպքում անպայմանորեն անդրադառնալու ենք այս հուշարձանին»,-վստահեցրեց Արեւ Սամուելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում