Թրամփը հայտարարել է, թե չի մեղմացրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցների ռեժիմների մեղմացման որոշումներ չի կայացրել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես ոչինչ չեմ մեղմացրել»,– ասել է նա՝ Harley-Davidson ընկերության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում պատասխանելով հակառուսական պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ լրագրողների հարցերին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ստորաբաժանումը հրապարակել էր «Գլխավոր թույլատրագիր թիվ 1» վերտառությամբ փաստաթուղթը, որը վկայում է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները փոխել են պատժամիջոցների ռեժիմը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ:

Ինչպես ճեպազրույցի ընթացքում պնդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, խոսքը վերաբերում է արդեն գործող սահմանափակումների գործողության ճշտմանը: «Դա նորմալ պրակտիկա է՝ ճշտել որոշակի ոլորտներում պատժամիջոցների գործողությունն այն բանից հետո, երբ դրանք ավելի վաղ սահմանվել են»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում