Լուկաշենկոն Բելառուսում ՌԴ ռազմական ավիաբազա ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

Բելառուսը նպատակահարմար չի համարում ՌԴ ռազմաբազա ստեղծել Բոբրույսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ փետրվարի 3-ին Մինսկում կայացած հանդիպմանը:

«Ռազմական տեսակետից ինչի՞ համար է այդ բազան: Այն այստեղ հարկավոր չԷ: Այդ ռազմակայանը եւ ինքնաթիռները, որոնք նրանք (Ռուսաստանը) ցանկանում են այստեղ տեղակայել, դա ցուցադրական բան է»,-ասել է նա:

Լուկաշենկոն ընդգծել է, որ նպատակահարմար է համարում ավիաբազայի փոխարեն Ռուսաստանի կողմից ռազմական ինքնաթիռների հանձնումը Բելառուսին: «Մենք հիանալի օդաչուներ ունենք, մենք հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ. չէ որ մենք միասնական խմբավորում ենք»,-նշել է Բելառուսի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում