ՊՊԾ գնդի վերաբերյալ քրգործը դատախազությունը փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական գործը հարուցվել էր 2017 թվականի հունվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Հ. Պ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ քաղաքացիներ Վ.Հ.-ի և Հ. Խ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ-ում կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնցից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ՝ պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում