Դինքի ընկերները դատական նիստից առաջ հանդես են եկել արդարության պահանջով

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստից առաջ նրա ընկերները հավաքվել են դատարանի դիմաց: Այս մասին տեղեկացնում է թուրքական Bianet գործակալությունը:

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի առջև հավաքված Հրանտի ընկերները հայտարարել են, որ եկել են պահանջելու արդարություն: Հավաքվածների անունից ելույթ ունեցած Բյուլենթ Այդընն ասել է. «Հանցագործությունից հետո 10 տարի է անցել: 10 տարի է` արդարության ենք սպասում»:

Հիշեցնելով, որ փետրվարի 6-ի նիստում շարունակվելու է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի պաշտպանությունը`Այդընը նշել է. «Մյուս կասկածյալների նման Յըլմազերն էլ մեղադրեց բոլորին՝ իրենից բացի: Սակայն նա չհստակեցրեց, թե ինչու հետախուզական բաժինը բացարձակապես ոչինչ չարեց Հրանտ Դինքին պաշտպանելու համար»:

Հայտարարություն անելուց հետո Դինքի ընկերները նիստի աշխատանքներին հետևելու նպատակով մտել են դատարան:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցությո ւն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում