Զարուհի Փոստանջյանն առաջարկում է Գարո Փայլանին հրավիրել Հայաստան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին հրավիրել ՀՀ Ազգային ժողով՝ իր ուղերձն աշխարհին ուղղելու համար: «Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի խորհրդարանում նա պարբերաբար հանդես է գալիս աշխարհին ուղղված ուղերձով, անդրադառնում է հայ ժո ղովրդի խնդիրներին և դրա համար ճնշումների է ենթարկվում: Քանի որ սա մեր վերջին նստաշրջանն է, ես առաջարկում եմ նրան հրավիրել հայոց խորհրդարան, որտեղ նա կկարողանա իր ուղերձը հղել»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ դա քննարկելու հարց է: ԱԺ նախագահի խոսքով՝ հարկավոր է քննարկել, հասկանալ՝ կա անհրաժեշտություն հրավիրելու Փայլանին Հայաստան, որից հետո միայն որոշում կայացնել:

Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ հարկավոր է համերաշխություն հայտնել մեր հայրենակցին, ով պարբերաբար անդրադառնում է հայ ժողովրդի խնդիրներին Թուրքիայի խորհրդարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում