ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու աշխատանքային խումբն առաջին նիստն է գումարել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում փետրվարի 6-ին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժնից:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը և ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի նախագծի նախնական տեքստը, նախանշվել է հնարավոր հարցերի շրջանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում