Մարտակերտում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն

Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում 180 նորակոչիկ զինվորներ հանդիսավոր երդում տվեցին զորամասի հրամանատարության, իրենց ծնողների եւ հարազատների ներկայությամբ՝ լինել հայրենիքի պարտաճանաչ ու նվիրյալ զինվորներ, անառիկ պահել Հայոց երկրի սահմանները թշնամու ամեն մի ոտնձգությունից: Նորակոչիկների երդման արարողությանը մասնակցում էին զորամիավորման հրամանատար գնդապետ Արթուր Հարությունյանը, զորամասի հրամանատար գնդապետ Սամվել Գրիգորյանը, զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը, Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու եւ տարածքի համայնքների հոգեւոր հովիվ Տեր-Բարսեղ քահանա Անդրյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, զորամասի սպաներ ու կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ:

Երդման հանդիսավոր արարողությունը բացեց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը: Ապա զինվորական երդում տվող նորակոչիկներին ողջույնի խոսքով դիմեց զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը:

«Սիրելի զինվորներ, այսօր թե ձեր, թե բոլորիս կյանքում հերթական հիշարժան օրն է, հանդիսավոր երդման օրը: Դուք արդեն այս երդմամբ համալրում եք փառքի ճանապարհ անցած մի զորամասի շարքերը, որն իր հիմնադրման օրվանից մինչ այժմ, անցնելով ծանր մարտերի ու փորձությունների միջով, չի տեսել ոչ մի պարտություն եւ միշտ անսասան կանգնած է եղե լ հայրենի հողի սահմանների պաշտպանության դիրքերում: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ եւս ցույց տվեց, թե մեր զորամասը որքան վճռական ու հաստատակամ է կանգնած հայրենիքի պաշտպանության դիրքերում, թե ինչպես է նա կարողանում մաքառել մինչեւ վերջ եւ պարտության մատնել մեր անդորրը խախտած թշնամուն: Այդ մարտերի ընթացքում էր, որ մեր հերոս զինվորներ Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Քյարամ Սլոյանը թիվ 116 մարտական դիրքում հերոսամարտով կանգնեցրին թշնամուն՝ մարտնչելով մինչեւ արյան վերջին կաթիլը, եւս մի հերոսական էջ ավելաց նելով մեր գոյապայքարի պատմության մեջ: Հերոսներին օգնության հասած մեր գնդի խիզախ տղաները կարողացան ջախջախել ու ետ շպրտել թշնամուն՝ ապահովելով մեր հետագա հաղթանակն ու խաղաղությունը: Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի հիշողության մեջ միշտ վառ է մնալու ձեր ծառայության յուրաքանչյուր օրն ու ժամը, քանզի ձեզ սպասում է բովանդակալից ծառայություն, անձնական օրինակով հայրենիքին նվիրվելու, ձեր ավագ ընկերների փառավոր գործերը շարունակելու բացառիկ հնարավորություն: Կարող եմ վստահաբար ասել նաեւ, որ արժանապատիվ սերունդ է մտնում բանակային կյանք, եւ այդ սերունդը քաջաբար տեր է կանգնելու մեր բոլոր նվաճումներին, մեր բանակի հզորացմանն ու առաջընթացին: Շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ անձնական կյանքում եւ զինվորական ծառայության մեջ: Եղեք մեր հաղթանակները կռած հերոսների արժանի հետնորդները»-ասաց զորամասի հրամանատարը:

Ապա զորամասի նորակոչիկները մեկառմեկ ընթերցեցին զինվորական երդման տեքստը: Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրը շրջապատած ծնողներն ու հարազատները, ովքեր ժամանել էին Հայաստանի ամենահեռու կամ մոտիկ մարզերից ու Արցախից, ուշիուշով, առանձնակի հուզմունքով էին հետեւում իրենց զավակների երդման արարողությանը, արդեն զինվոր դարձած տղաների խրոխտ, զինավառ շարքերին: Զինվորական երդում տված զինծառայողների շատ ծնողներ ու հարազատներ Մարտակերտի հրապարակում հանդիպել էին որպես հին ծանոթներ կամ հայրենակիցներ: Ոմանք առաջին անգա մ էին հանդիպում միմյանց՝ փոխանակելով շնորհավորանքի ջերմ խոսքեր:

«Եկել ենք Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղից՝ ներկա գտնվելու մեր ընկերոջ՝ Այգուտ գյուղի բնակիչ Սերգեյ Բաղրամյանի որդու՝ Արամայիս Բաղրամյանի երդման արարողությանը: Արամայիսի ծնողները բռնագաղթված են պատմական Չարդախլուից եւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի ազգակիցներն են: Եկել ենք, որ սրտանց աջակցենք, քաջալերենք ու շնորհավորենք մեր ընկերոջ ընտանիքին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Շաքար եւ Աղուն Դանիելյան ամուսինները:

«Երդման համար շարված մեր զինվորների խրոխտ տեսքը, հպարտ կեցվածը, բարձր տրամադրությունը մեզ առանձնակի են ոգեւորում: Մենք մեր հերթին քաջալերելու ենք մեր զավակներին, ծառայության ողջ ընթացքում լինելու ենք ուշադիր, անելու ենք հնարավորը, որ նրանք լինեն կարգապահ ու պարտաճանաչ զինվոր: Մենք մեզ զգում ենք մեր միասնական հայրենիքում եւ հպարտ ենք, որ մեր զավակները կանգնում են հայրենիքի պաշտպանության դիրքերում, ճիշտ այնտեղ, որտեղից սկսվում են Հայոց սահմանները»,-նշեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Արմեն Ալեյանը:
Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամասի անցած փառքի ճանապարհը ներկայացրեց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը:
Առանձնակի բարձր էր նաեւ երդում տված զինվորների տրամադրությունը, ովքեր երդման հանդիսավոր արարողությունից հետո մի քանի ժամ շարունակ անցկացրին իրենց ծնողների ու հարազատների հետ՝ հացի սեղանների շուրջ առնելով իրենց բաժանման կարոտը:

«Արդեն լրանում է իմ ծառայության մեկ ամիսը: Օրերս անցնում են հետաքրքիր, պարապմունքներն այնքան հագեցած են, որ ժամերն արագ են անցնում: Հրամանատարները շատ ուշադիր են մեր հանդեպ, մեզ լավ կերակրում են, սովորեցնում, վարժեցնում: Դարձել ենք մեկ ընտանիք: Կդաստիարակվենք որպես իսկական տղամարդիկ, մեր հայրենիքին ու բանակին արժանի զինվորներ՝ պահելով այսօրվա տված երդումը»-ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից այս տարվա հունվարի 9-ին զորակոչված Սեւակ Խլղաթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում