Նախընտրական գործընթացներին Վարդան Արամյանի մասնակցության հարցը պարզ կդառնա ՀՀԿ որոշումից հետո

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընտրական գործընթացում իր ներգրավվածության մասին դեռ չի կարող խոսել, քանի որ ՀՀԿ-ն համապատասխան որոշում դեռ չի կայացրել ցուցակների մասով, սակայն նա պատրաստակամ է ընտրական քարոզարշավին մասնակցելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ՀՀԿ-ի կողմից որոշումը կայացնելուց հետո հայտնի կլինի նաև իր որոշումը, իսկ առայժմ զբաղված է աշխատանքով:

Անդրադառնալով հարցին, թե կհամաձայնի՞ մասնակցել քարոզարշավին, Արամյանը պատասխանեց. «Եթե մեր քաղաքական թիմը հարկ կհամարի, որ աշխատանքային այս ձևաչափը ճիշտ է, ապա ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես օրական աշխատում եմ 14-16 ժամ, պետք է այն ճիշտ օգտագործեմ: Եթե մեր քաղաքական կուսակցությունը համայնքներ այցելելու ձևաչափ նախանշի, բնականաբար, մենք ողջ թիմով կմիանանք գործին՝ առանց վտանգելու ներկայիս մեր գործառույթները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում