Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, Կարեն Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը կխթանի ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերը՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական ու խաղաղ կարգավորմանը։

Արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կողմից Արցախի Հանրապետությանն ու նրա ժողովրդին ցուցաբերվող օժանդակության համար։

«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը՝ ժողովրդավարական ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի, ինչպես նաև կայուն և խաղաղ Հարավային Կովկասի տեսլականի հիման վրա»,-ասված է Կարեն Միրզոյանի շնորհավորական ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում