Սպիտակ տանը համոզված են փախստականների մասին Թրամփի հրամանագրի կատարման հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի շարք պետությունների քաղաքացիների՝ երկիր մուտքի ժամանակավոր արգելքի մասին հրամանագիրը վերջին հաշվով կկատարվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին այս հարցում վստահություն է հայտնել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: 

«Ականհայտ է, որ օրենքը նախագահի կողմն է: Նա օժտված է լայն լիազորություններով, որպեսզի գործի մեր երկրի լավագույն շահերի օգտին, պաշտպանի մեր քաղաքացիներին: Եվ մենք համոզված ենք, որ այս հարցում մենք կհաղթենք»,- ասել է նա լրագրողներին, որոնք ուղեկցում էին Թրամփին Ֆլորիդայի նահանգից Վաշինգտոն նրա վերադառնալու ընթացքում: Ըստ որում Սփայսերն ընդգծել է, որ Սպիտակ տանը նույնիսկ չեն մտածում հրամանագրի չեղարկման մասին:

Փետրվարի 4-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը կասեցրել է Թրամփի ներգաղթային հրամանագրի իրականացման բոլոր գործողություններն այն բանից հետո, երբ այն արգելափակել է Սիեթլի ֆեդերալ դատավորը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փետրվարի 4-ին բողոքարկել է Սիեթլի դատարանի վճիռը, ավելի ուշ ԱՄՆ-ի իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել է այդ պահանջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում