Իսրայելի խորհրդարանն օրինականացրել է հրեական բնակավայրերը պաղեստինյան հողերում

Իսրայելի խորհրդարանը վիճահարույց օրենք է ընդունել, որն օրինականացնում է այն շուրջ չորս հազար տները, որոնք անօրինականորեն կառուցվել են բռնազավթված Արեւմտյան ափի բնակավայրերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Օրինագծին հավանություն է տրվել 60 ձայնով, դեմ են արտահայտվել 52-ը:

Պատգամավորների կողմից հավանության արժանացած փաստաթղթում ասված է, որ սկզբնապես այդ հողերի սեփականատեր պաղեստինցիները որպես փոխհատուցում կստանան փող կամ այլ հողամաս: 

Փետրվարի 6-ին հավանություն արժանացած օրինագիծը ոչ միանշանակ գնահատական է ստացել հասարակության մեջ, եւ, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի դատարանում:

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբիտը ոչ սահմանադրական է որակել օրինագիծը եւ հայտարարել, որ այն չի պաշտպանի Գերագույն դատարանում:

Պաղեստինցիներն արդեն հանդես են եկել օրենքի դատապարտմամբ: «Դա Էսկալացում է, որը միայն կսաստկացնի անկայունությունն ու քաոսը»,- հայտարարել է պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասի ներկայացուցիչը:

Շուրջ 600 հազար հրեաներ են ապրում 140 բնակավայրարում, որոնք 1967 թվական իսրայելական օկուպացիայից հետո կառուցվել են Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում: Այդ բնակավայրերն անօրինական են համարվում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, թեեւ Իսրայելը վիճարկում է դա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նոր վարչակազմն այն կարծիքն է հայտնել, որ բռնազավթված պաղեստինյան տարածքներում գոյություն ունեցող հրեական բնակավայրերի ընդլայնումը եւ նման նոր օբյեկտների կառուցումը չեն նպաստում Մերձավոր Արեւելքի հակամարտության կարգավորմանը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանության ներկայիս գործադիր ճյուղը «բնակավայրերի գոյությունը խոչընդոտ չի համարում Մերձավոր Արեւելքի խաղաղությանը», այդուամենայնիվ, «նոր բնակավայրերի կառուցումը կամ գոյություն ունեցողների ընդլայնումը կարող է եւ օգուտ չբերել նշված նպատակին»:

Մինչ այդ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն թույլատրել է հրեա վերաբնակների համար եւս 3 հազար տների կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին: Ավելի վաղ Նաթանյահուն եւ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հավանություն էին տվել Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերում 2,5 հազար միավոր բնակարանների շինարարությանը: Բացի այդ, Իսրայելի իշխանությունները հավանություն էին տվել Արեւելյան Երուսաղեմում ավելի քան 700 միավոր բնակարանների կառուցմանը:

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 2334 բանաձեւը, որով Իսրայելից պահանջվում է անհապաղ դադարեցնել բնակարանների շինարարությունը բռնազավթված պաղեստինյան տարածքներում: Փաստաթուղթը պաշտպանել են ԱԽ-ի 14 անդամներ, եւ քվեարկության ժամանակ միայն ԱՄՆ-ի պատվիրակությունն է ձեռնպահ մնացել՝ չանսալով բանաձեւն արգելափակելու հրեական պետության կոչերին: Իսրայելն արդեն այն ժամանակ հայտարարել է, որ չի կատարելու դրա դրույթները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում