Ֆիյոնն ամրապնդեց դիրքերն աջ կենտրոնամետ ճամբարում եւ կշարունակի նախագահական մրցարշավը

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը մտադիր է «Հանրապետականներ» կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել հանրապետության նախագահի գարնանային ընտրություններում, խլել է նախաձեռնությունն իր ընդդիմախոսներից: Նախկին վարչապետն ապահովել է իր կուսակցության աջակցությունը եւ կշարունակի նախընտրական մարաթոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փարիզյան վերլուծաբաններն այսպես են գնահատում նոր շրջադարձը Ֆրանսիայում նախընտրական արշավի ծավալման մեջ: 

62-ամյա քաղաքական գործիչը փետրվարի 6-ին հանգամանալի բացատրություններ է տվել տարբեր գործերի վերաբերյալ, որոնք վերջին երկու շաբաթում հանգեցրին նրա վարկանիշի լուրջ անկման: Դա վերաբերում է նախեւառաջ այն վճարումների չափերի շուրջ ծավալված սկանդալին, որոնք Պենելոպա Ֆիյոնն ստացել է որպես ամուսնու խորհրդարանական կցորդ աշխատելու ընթացքում: Նախկին վարչապետին մեկ ժամից պակաս ժամանակ է պահանջվել ֆրանսիական մամուլի մի շարք սուր հարցերի փաստարկված պատասխանելու համար: Այսպես, նա բավականին մանրամասն պատմել է  այն աշխատանքի մասին, որը նրա կինը կատ արել է որպես պատգամավորի օգնական եւ հիմնավորել է նրան վճարված գումարները:

«Այդ ամենն օրինական էր»,-ընդգծել է քաղաքական գործիչը: Միաժամանակ նա ընդունել է, որ ֆրանսիացիները բարոյական նկատառումներով այլեւս չեն ցանկանում հաշտվել պատգամավորների գործունեությանը նրանց ազգականների մասնակցության պրակտիկայի հետ: «Ես սխալ եմ գործել եւ ներողություն եմ խնդրում ֆրանսիացիներից»,-ասել է նա:

Քաղաքական վերլուծաբանները պատշաճն են մատուցել փաստարկների այն համակարգին, որը կառուցել էր «Հանրապետականների» թեկնածուն: «Ֆիյոնը խոսում էր համոզիչ, պարզ, հստակ պատասխանում Էր հարցերին»,-նշել է քաղաքագետ Լորան Նեմանը: Նրա կարծիքով՝ նախագահի թեկնածուի ելույթի կոնսպեկտը «նախապատրաստված էր ամենայն մանրակրկիտությամբ, յուրաքանչյուր բառը կշռադատված էր, նորից ու նորից մտածված քաղաքական գործիչների, փաստաբանների ու մերձավոր շրջապատի կողմից»:

Նախագահի թեկնածուն իր ելույթը հասցեագրել էր, նախեւառաջ, սեփական քաղաքական ճամբարին՝ աջերին ու կենտրոնամետներին՝ նպատակ ունենալով կուսակցական աջակցության համախմբումը: «Դա Ֆիյոնն էր հարձակվելիս, հակագրոհելիս»,-ասել է հայտնի հեռուստատեսային մեկնաբան Աննա Կաբանան: Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչը պարզորոշ հասկանալ տվեց իր ճամբարին՝ «կամ ես, կամ քաոսը»:

BFM TV հեռուստաալիքի քաղաքական ծառայության գլխավոր խմբագիր Թիերի Առնոն հիշեցրել Է, որ անցած շաբաթվա վերջին աջ կենտրոնամետների ճամբարում կասկածի բավականին ուժեղ ձայներ էին հնչում: «Բայց այլընտրական թեկնածու այդպես էլ չհայտնվեց: Ֆրանսուա Ֆիյոնը դա ի գիտություն ընդունեց»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում